«Հայկական կողմի փաստերն անհերքելի են եւ հիմնավորված». միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնը ՝ ցեղասպանության մասին

«Միացյալ թագավորությունը ոչինչ չի շահի ցեղասպանության փաստը ընդունելով, բայց այդ քաղաքականությունը կառավարությանը էթիկայի տեսանկյունից խիստ քննադատական կարգավիճակում է թողնում»,- այսպես է արտահայտվել Միացյալ Թագավորության թագուհու խորհրդական, միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերթսոնը դեռ 1999թ.-ին Արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով զբաղվող գրասենյակի հուշագրում:

 

Ռոբերթսոնը Հայաստանի համար կարեւոր միջազգային հեղինակություն վայելող մարդ է, քանի որ պարբերաբար հանդես է գալիս իրավական վերլուծություններով, որոնցով փաստացի է ապացուցում ցեղասպանության եղելությունը: Նա համոզված է, որ Բրիտանական կառավարության՝ «ապացույցները միանշանակ չեն համոզում եղելությունը ցեղասպանություն որակելու համար» պնդումը կեղծ է:

 

Նրա խոսքը կարող է արժեքավոր լինել ու որոշիչ իրավական դաշտում, քանի որ նա հաճախ հանդես է գալիս Նորին Մեծություն Եղիսաբեթ երկրորդի Գաղտնի խորհրդում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա Միացյալ Թագավորությունում մարդու իրավունքենրի պաշտպանության առաջատարն է: Բազմաթիվ աղմկահարույց դատական գործերով է հանդես եկել, որոնք հաջողությամբ են պսակվել, իսկ այժմ Վիկիլիկսի գլխավոր խմբագիր ավստրալացի Ջուլիան Ասանժի գլխավոր խորհրդատուն է:

 

Ռոբերթսոնը Մեծ Եղեռնի խնդրով հետաքրքրվեց, երբ Լոնդոնում Հայկական կենտրոնը դիմեց նրան, որ իրավական տեսանկյունից պարզաբանի, թե թուրքերի 1915թ.-ի կատարած գործողությունները կարելի է ցեղասպանություն որակել, թե ոչ: Հաշվի առնելով ջարդերի եւ կոտորածների մեծածավալ ապացույցները եւ 1948թ. Միացյալ ազգերի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետ դրա անմիջական առնչությունը՝ Ռոբերթսոնը եզրակացրեց.

«Երբ օրենքը համադրվում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915թ.-ին հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանության նկարագրությանը»,- ասել է Ռոբերթսոնը:

 

Ապրիլի 23-ին Ամերիկյան Համալասարանում կայացած հանդիպման ժամանակ Ռոբերթսոնի՝ «Ինչու՞ են Հայոց ցեղասպանությունը ժխտողները սխալվում» ելույթի ընթացքում, նա ներկայացրեց, որ ուսումնասիրել է հարցը, ծանոթացել ինչպես հայ, այնպես էլ թուրք պատմաբանների ներկայացրած փաստարկներին եւ պարզել է, որ իր համար «հայկական կողմի փաստերն անհերքելի են, անհամեմատ շատ ու ավելի հիմնավորված»:

 

Նա նշում է, որ այդ փաստերն այսօր անգամ ապրում են՝ խոսելով Մեծ եղեռնը վերապրած կենդանի մարդկանցով, ովքեր կարող են լինել վկաներ, եթե այս գործը հասնի Միջազգային արդարադատության դատարան (International court of justice): «Փաստեր են նաեւ այդ մարդկանց թողած սեփականությունները, ճարտարապետական կոթողները»,- նշում է Ռոբերթսոնը: Ռոբերթսոնն նաեւ համատեղ մամուլի ասուլիս է տվել Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ եւ Մեծ եղեռնի վերաբերյալ իրավական վերլուծության համար պարգեւատրվել «Ֆրիտյոֆ Նանսենի» պատվո շքանշանով:

 

 

© Medialab.am